ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմաշարի երկրորդ` «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումներն ուշանում են ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆիլմի հեղինակը որոշել է ակցիա կազմակերպել` գումարի հայթայթման համար:
«Նախնյաց մոռացված հայրենիք» վերնագրված ֆիլմում խոսվում է այն մասին, որ քաղաքակրթությունը ծագել է Հայկական լեռնաշխարհում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Մասնավորապես քննարկվում է այն տեսակետը, որ բավարները, բասկերը, բրիտանացիները ծագել են Հայկական լեռնաշխարհից»,- ասում է Արսեն Հակոբյանը:
«Նախնյաց մոռացված հայրենիք» սկսվում է ժայռապատկերների, շումերերենի, հին եգիպտերենի վերծանումով, և ապացուցվում է, որ դրանք գրողները հայերենի կրողներ են եղել: Ֆիլմում օգտագործում ենք հայ և օտարազգի գենետիկների, լեզվաբանների, էպոսագետների, պատմաբանների տեսակետներ:
Դեռևս այս տարվա ամռանը երբ հետաքրքրվեցի` ե՞րբ պատրաստ կլինի ֆիլմը, Արսեն Հակոբյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը պատրաստ է որոշ չափով աջակցել, պետք է հայթայթեն մնացած գումարը, որ սկսեն նկարահանումները: Հետաքրքրվեցի` ուժի մե՞ջ է պետական աջակցությունը:
«Մշակույթի նախարարությունը աջակցելու է մոնտաժային աշխատանքներին, ինչն այդքան էլ էական չէ, քանի որ այդ հարցում ընկերներս էլ կարող են ինձ օգնել: Կրթության նախարարը խոստացել է 2 միլիոն դրամ տրամադրել»,- ասաց Ա. Հակոբյանը:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 20 միլիոն դրամ: Ֆիլմը նկարահանվելու է Անգլիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Արևմտյան Հայաստանում:
Ֆիլմի աջակիցներին տրվելու են dvd-ներ, cd-ներ, գրքեր:
Հավելենք, որ Արսեն Հակոբյանի «Արարատից եվրոպան» բավականաչափ ցուցադրութուն է ունեցել (մոտ 30 ցուցադրություն միայն` արտասահմանում): Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Զրուցակիցս նշեց, որ մինչև օրս էլ կազմակերպվում են ցուցադրություններ` հնարավորության սահմաններում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ